Նոր զեկույցը հաստատում է Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում լուրջ ընտրակեղծիքների փաստը

10/02/2016
Communiqué
en hy

Փարիզ-Երևան, փետրվարի 9, 2016թ. : Հայաստանում 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ուղեկցվել է լուրջ ընտրակեղծիքներով, հաղորդում է Հայաստանում FIDH-ի անդամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունն իր նոր հրապարակած դիտորդական զեկույցում : Քվեարկության օրը դիտարկումների արդյունքում և իրավական խորհրդատվության թեժ գծի միջոցով ՔՀԻ կողմից արձանագրված խախտումները հաստատում են այն եզրահանգումը, որ հանրաքվեն պարտադրված էր իշխանությունների կողմից, և քաղաքացիները սահմանադրության հիմնարար փոփոխությունների օգտին են քվեարկել ապօրինի եղանակներով խրախուսվելով, ստիպողաբար և, որոշ դեպքերում, նույնիսկ սպառնալիքի ներքո :

Հարկ է նշել, որ Հայաստանն ունի սահմանադրական հանրաքվեների կազմակերպման վատ փորձ. սահմանադրությունը փոփոխելու երեք փորձերից երկուսն ավարտվեցին բազմաթիվ խախտումներով ուղեկված խնդրահարույց հանրաքվեներով : Անկախության 24 տարվա պատմության մեջ երրորդ՝ դեկտեմբերին կայացած հանրաքվեն, այս առումով, բացառություն չէր : Միջազգային և տեղական դիտորդներն, այդ թվում՝ ՔՀԻ-ն, արձանագրել են բազմակի քվեարկության, ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր, կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակ, ճնշումներ քվեարկողների և դիտորդների վրա, ընտրական հանձնաժողովներում ընդգրկված իշխող կուսակցության անդամների և վստահված անձանց կողմից լիազորությունների չարաշահման դեպքեր և ընտրական գործընթացի այլ խախտումներ : Վերջիններս պարբերաբար օգտագործում էին տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ապօրինի, որպեսզի ապահովեն ընտրողների մասնակցությունը և իշխանությունների համար ցանկալի արդյունքը՝ հօգուտ սահմանադրական փոփոխությունների :

Քաղաքացիներին բավարար ժամանակ չի տրվել ծանոթանալու ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխություններին, և ոչ էլ բավարար ժամանակ է եղել հանրային քննարկումների համար. խորհրդարանն ուներ ընդամենը մի քանի շաբաթ նախագիծը քննարկելու համար, և հանրային քննարկումները տևել են ընդամենը երկու ամիս : Ավելին, մինչև քվեարկության օրը քաղաքացիներն ահազանգում էին ՔՀԻ թեժ գծին՝ հաղորդելով, որ փոփոխությունների նախագիծը մատչելի չէ :

Նոր սահմանադրությունը, որը 2005թ.-ին ընդունված սահմանադրությունից միայն երկու հոդված է պահպանել, հիմնականում նախատեսում է անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման համակարգ : Տեսակետ կար, որ գործող նախագահը փորձում է լուծել իր իշխանության պահպանման խնդիրը. խորհրդարանական կառավարման ձևը թույլ կտա նրան պահպանել իշխանությունը իր կառավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո :

« Արդյունքում, սահմանադրության նախագծի օգտին քվեարկելը նշանակում էր վստահության քվե տալ գործող իշխանություններին, քանի որ հանրաքվեն նախաձեռնվել էր ներկայիս իշխանությունների կողմից վերևից պարտադրելու սկզբունքով : Բազմաթիվ քաղաքացիների կողմից հանրաքվեն ընկալվում էր որպես գործող նախագահի կողմից իր կառավարման երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու միջոց »,- նշում է ՔՀԻ նախագահ Արտակ Կիրակոսյանը :

Մինչ օրս Գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է ընտրախախտումների վերաբերյալ 538 հաղորդում, հարուցվել է 72 քրեական գործ, 19 գործ ուղարկվել է դատարան : ՔՀԻ-ն, սակայն, ընդգծում է, որ խախտումների մասին հաղորդումները մակերեսորեն են քննվել, և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունները հիմնականում ձևական բնույթ են կրել : Ավելին, ՀՀ քրեական օրենսգիրքը շատ մեղմ պատիժներ է նախատեսում ընտրակեղծարարների համար : Այդպիսով, նույնիսկ այն ժամանակ, երբ գործը հասնում է դատարան, իրավախախտները համաչափ պատիժ չեն ստանում, այլ դատապարտվում են ընդամենը տուգանքի կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվում : Այսպիսի պրակտիկան ամրապնդում է անպատժելիության մթնոլորտը և խորացնում հանրության անվստահությունն իշխանությունների և, առհասարակ, արդարադատության համակարգի նկատմամբ :

« Հայաստանի իշխանությունները հերթական անգամ կորցրեցին ներպետական օրենսդրության և ընտրական թափանցիկ գործընթացի միջազգային չափանիշներին համապատասխան հանրաքվե կազմակերպելու հնարավորությունը : Հիմա նրանք պետք է ցույց տան, որ որոշումների կայացման գործընթացի կենտրոնում քաղաքացին է՝ խախտումների վերաբերյալ հաղորդումներն արդյունավետ քննելով և հետագա բարեփոխումների գործընթացում նրանց ներգրավելով,- ասում է FIDH-ի նախագահ Կարիմ Լահիջին :

FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին պատասխանատվության ենթարկել ընտրակեղծիքների համար մեղավոր բոլոր անձանց, ՀՀ քրեական օրենսգրքով խիստ պատիժներ սահմանել ընտրակեղծիքների և այդ ոլորտի այլ հանցագործությունների համար, ինչպես նաև, կատարել ՔՀԻ և այլ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով :

Lire la suite